Հայաստանի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, այսօր չի լուծվել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, այսօր չի լուծվել

2021-01-11 21:24 , Политика, 1255

Հայաստանի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, այսօր չի լուծվել

Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, ընդգծելով, որ այն փաստաթուղթը, որն այսօր ստորագրվել է շատ կարևոր է և կարող է փոխել տարածաշրջանում տնտեսական համագործակցության ձևը և տնտեսական նորարարությունները կարող են դառնալ անվտանգության երաշխիք, միաժամանակ արձանագրել է, որ բոլոր հարցերը չէ, որ լուծվել են։

«Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների: ... Ցավոք սրտի, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չեղավ բոլոր հարցերին լուծում տալ։ Հուսով եմ, որ առաջ կգնանք և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևորագույն հարցերը ներկա պահին հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով»,-ասել է Փաշինյանը։

Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիրմիր Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել կողմերին՝ մասնակցության համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ բանակցությունները գնահատելով կարևոր և օգտակար։

Նշենք՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նախօրեին տեղեկացրել էր, որ Մոսկվայում Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Նա ընդգծել էր նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

«Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,-ընդգծել էր Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ, եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Շուրջ 4 ժամ տևած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն, այդուամենայնիվ, ընդունվել է, որում ամրագրված 4 կետերն էլ առնչվում են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացմանը, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելուն, խմբի՝ մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը հանդիպելուն, մինչև 2021 թ. մարտի 1-ը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը հաստատման ներկայացնելուն:

Лента

Рекомендуем посмотреть