Այսօր առավոտյան Ալավերդիի քաղաքապետարանում քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով մանկապարտեզում՝ երեկ տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, երեկ առավոտյան նախակրթարանի սաներից 4-ամյա Ռոբերտն աննկատ դուրս է եկել շենքի տարածքից, ավելի ուշ նրա դին գտել են մանկապարտեզից քիչ հեռու՝ Դեբեդ գետի մեջ:
Քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ Ալավերդիի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն ազատվել են աշխատանքից: Մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Նրա կարգադրությամբ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ մանկապարտեզում արտահերթ ստուգում իրականացնելու համար:
Լոռու մարզպետը շրջաբերականներ է ուղարկել մարզի բոլոր համայնքների ղեկավարներին՝ զգուշացնելով աչալուրջ լինել իրենց վստահված երեխաների կյանքի և առողջության նկատմամբ:
Հավելենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար Լոռու մարզի քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում: