Ադրբեջանը նոր թողարկած նամականիշում քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը․ ՄԻՊ-ը՝ հայատյացության քարոզչության նոր փաստերով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը նոր թողարկած նամականիշում քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը․ ՄԻՊ-ը՝ հայատյացության քարոզչության նոր փաստերով

2021-01-15 16:43 , Право, 203

Ադրբեջանը նոր թողարկած նամականիշում քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը․ ՄԻՊ-ը՝ հայատյացության քարոզչության նոր փաստերով

Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկը, արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ), արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է․ նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»:

«Այս նամականիշը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են։

Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ։

Այս ամենի խորքային պատճառները հիմնավորված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցի ապացույցներով ու դրանց վերլուծությամբ («Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»):

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների:

Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть