ՀՀ-ն պետք է հրապարակի Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թիվը․ ՀՀ ՄԻՊ-ը թվարկել է՝ ինչու - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն պետք է հրապարակի Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թիվը․ ՀՀ ՄԻՊ-ը թվարկել է՝ ինչու

2021-01-20 14:38 , Право, 202

ՀՀ-ն պետք է հրապարակի Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թիվը․ ՀՀ ՄԻՊ-ը  թվարկել է՝ ինչու

ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ:

Այդ մասին տարածած հայտարարությամբ ընդգծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»:

Սա օմբուդսմենը ընդունելի մոտեցում չի համարում՝ հստակեցնելով՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝

1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով,

2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր,

3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը,

4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ,

5) հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ,

6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:

«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված»,-ընդգծում է ՀՀ օմբուդսմենը:

Նշենք՝ մինչ օրս հայկական կողմի գերիների թիվը հրապարակված չէ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե «պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը»:

2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել մոտ 6 տասնյակ մարդ։

Лента

Рекомендуем посмотреть