Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները այլև ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները այլև ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

2021-01-22 15:11 , Политика, 829

Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները այլև ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը, որոնցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) խնդրին:

Եվրախորհրդարանն, ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն՝ արձանագրելով, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով էլ Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը՝ կոչ անելով զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Միաժամանակ քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂ հակամարտության և Թուրքիայի դերի մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրված դրույթները՝ պատասխանել է

«Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ:

Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:

Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից:

Մենք կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»: Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը»:

Лента

Рекомендуем посмотреть