Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» արդյունքներով - RadioVan.fm

Онлайн

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» արդյունքներով

2021-01-27 14:29 , Политика, 1167

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝  «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» արդյունքներով

Փետրվարի 1-ից կվերսկսվի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը․ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարություններն արդեն կայացրել են որոշումներ:

Լուրն այսօր, կառավարության նիստի մեկնարկին, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․

«Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:

Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ, քաղաքացին բջջային հեռախոսում ներբեռնելով «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածը, որտեղ կան բոլոր լաբորատորիաները, թռիչքից 72 ժամ առաջ մոտենում է դրանցից մեկին, թեստ հանձնում, որի արդյունքները QR կոդով ներմուծվում է ծրագիր։ Նախարարի խոսքով՝ դրական արդյունքի դեպքում հավելվածում կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը, ինչը հնարավորություն է տալիս նրան հատել սահմանը:

«Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ծրագրի բոլոր մասնակիցներին այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Սա եղել է Հայաստանի Հարապետության կառավարության նախաձեռնությունը, որը աջակցություն է ստացել գործընկերների կողմից, իոկ Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը: Եթե լինեն տեխնիկական խնդիրներ, ապա դրանք կլուծվեն և օդային հաղորդակցությունը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնվի: Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ՝ մարտի սկզբին, կունենանք նախորդ ամբողջ ուղևորափոխադրումների ծավալը»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть