Վերջին 2 տարում Իրան-Հայաստան քաղաքական, առևտրատնտեսական ինչ հարաբերություններ են եղել․ տեղեկանք՝ ԱԳՆ-ից - RadioVan.fm

Онлайн

Վերջին 2 տարում Իրան-Հայաստան քաղաքական, առևտրատնտեսական ինչ հարաբերություններ են եղել․ տեղեկանք՝ ԱԳՆ-ից

2021-01-27 15:17 , Политика, 894

Վերջին 2 տարում Իրան-Հայաստան քաղաքական, առևտրատնտեսական ինչ հարաբերություններ են եղել․ տեղեկանք՝ ԱԳՆ-ից

Հաշվի առնելով փաստը, որ հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համառոտ տեղեկանք (2019-2020թթ.)։

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Քաղաքական երկխոսություն

2019թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։

2020թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն. ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն. ԱՄՆ դոլար):

Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն իրացման մեծ ծավալի ներուժ:

Էներգետիկ ոլորտում իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը:

Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։

Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն:

Ներկայումս Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։

Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Лента

Рекомендуем посмотреть