Լեհ քաղաքական գործիչն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկն ուղարկել է Ալիևին - RadioVan.fm

Онлайн

Լեհ քաղաքական գործիչն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկն ուղարկել է Ալիևին

2021-02-01 15:43 , Политика, 1105

Լեհ քաղաքական գործիչն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկն ուղարկել է Ալիևին

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտնում է, որ իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները-Ղարաբաղ 2020» գրքույկի առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Լեհ գործիչը միաժամանակ նամակ է գրել Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին։

«Նրանց տանը սպասում են հուսահատ ընտանիքները՝ մայրերը, կանայք, երեխաները»,-գրել է Բուչեկը՝ ընդգծելով, որ նրանց ազատ արձակումը կդառնար պատմական մեծ նշանակություն ունեցող փաստ՝ ի ցույց դնելով աշխարհում խաղաղության ձգտումը:

«Ես նաև խնդրում եմ նշել ձերբակալված հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը և միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկություններ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ:

Նաև կոչ եմ անում ձեռնարկել իրավական քայլեր Ադրբեջանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ղարաբաղյան հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործություններ են գործել` խախտելով միջազգային կոնվենցիաները և օրենքները, ինչպես նաև Ադրբեջանի օրենքները»,-գրել է Թոմաշ Լեխ Բուչեկը՝ Ալիևին ուղված նամակում։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել էր Լեհաստանում Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե ստեղծելու մասին։ Նա այնուհետ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նպատակով ստորագրահավաք սկսեց։

Լեհ գործիչը միաժամանակ հայտնել էր, որ հավաքում է Արցախի դեմ Բաքվի ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստերը, որոնք մեկտեղվելու են 40 էջից բաղկացած գրքույկում, որը կհրատարակվի 1000-2000 օրինակով և կուղարկվի միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչների: Բուչեկն ընդգծել էր, որ իր աշխատանքը նվիրում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Լեհ գործիչը օրերս հայտնել էր, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ այդ երկրի ռազմական հանցագործությունների մասին գրքույկը չհրատարակելու համար:

Лента

Рекомендуем посмотреть