ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել տեղահանված արցախցիներին աջակցելու համար - RadioVan.fm

Онлайн

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել տեղահանված արցախցիներին աջակցելու համար

2021-02-02 18:11 , Политика, 924

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել տեղահանված արցախցիներին աջակցելու համար

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ՝ այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար:

Նշվում է, որ 90,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020-ին տեղի ունեցած 6-շաբաթյա մարտերի ընթացքում։

«ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան»,- Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքերն են փոխանցում կառույցի հայաստանյան գրասենյակից։

«ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть