Փոխվարչապետը հանդիպել է տները կորցրած քաշաթաղցիներին, լսել ու որոշում ընդունել - RadioVan.fm

Онлайн

Փոխվարչապետը հանդիպել է տները կորցրած քաշաթաղցիներին, լսել ու որոշում ընդունել

2021-02-04 12:41 , Политика, 891

Փոխվարչապետը հանդիպել է տները կորցրած քաշաթաղցիներին, լսել ու որոշում ընդունել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ:

Քաշաթաղցիները փոխվարչապետին ներկայացրել են տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները, իսկ ավարտին որոշվել է, որ քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները:

Հիշեցնենք՝ պատերազմից հետո տուն ու տեղ կորցրած Քաշաթաղի շրջանի բնակիչներն հունվարի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ բարձրաձայնում էին, որ «իրենց տուն ու ունեցվածքը մնացել է թշնամուն», «մահն աչքի առաջ ունենալով կռվել են, ինչ ասես տեսել են, բայց այսօր թափառական են»։ Նրանք պահանջում էին գույքի փոխհատուցում՝ համարժեք և խելամիտ ձևով։ Այդ օրը բողոքի մասնակիցներին խոստացվել էր, որ փոխվարչապետը նրանց կընդունի ու կլսի փետրվարի 3-ին։

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Քաշաթաղի շրջանը (Լաչին) 2020-ի դեկտեմբերի 1-ից հանձնվել է Ադրբեջանի վերակսկողությանը։

Հայկազյան համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ Քաշաթաղից այսօր տեղահանված է մոտ 13000 բնակիչ՝ 3000 ընտանիք։

Лента

Рекомендуем посмотреть