«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ։ Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն»․ Սերժ Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ։ Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն»․ Սերժ Սարգսյան

2021-02-15 23:10 , Политика, 705

«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ։ Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն»․ Սերժ Սարգսյան

«Դա ուղղակի զավեշտ է։ Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր մնաց թե ինձ համար նման անհեթեթություն խզբզեի։ Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։

…Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»,-այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով

հարցազրուցավար Դավիթ Սարգսյանի այն դիտարկմանը, թե կա լայնորեն տարածված վարկած, որ Հայաստանի գործող վարչապետը իր պրոեկտն է։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ «ապագա կապիտուլյանտն» իր տեսադաշտում հայտնվել է 93 թվականի վերջերին, երբ նա մի քանի ամսվա պաշտպանության նախարար էր։

«Երբ ռազմաճակատում բազմաթիվ հաջողություններից հետո մենք դժվարություններ ունեցանք։ Այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլև իմ մարտական ընկերներին։ Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90-ականների վերջին դատարանում, երրորդ անգամ՝ 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում»,-մանրամասնեց երրորդ նախագահը՝ պնդելով, որ որևէ այլ հանդիպում, միջնորդավորված կապ իր ու Նիկոլ Փաշինյանի միջև չի եղել։

Իսկ 2018-ի գարնանը տեղի ունեցածը ՀՀ երրորդ նախագահի որակմամբ՝ «իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, նաև շարժում՝ ղարաբաղցիների դեմ։

«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։

Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք «Ռադիոտունը» գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ անկեղծանալով, որ իր հրաժարականի տեքստը խմբագրել է 3 անգամ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել 2018-ի ապրիլի 23-ին՝ ընդդեմ իր վարչապետության 2018-ի գարնանը հանրապետությունում ծավալված աննախադեպ բողոքի ալիքի պայմաններում։ Նա հրաժարականից հետո հանրության հետ առաջին անգամ հաղորդակցվեց ավելի քան 2 տարի անց․ ՀՀ երրորդ նախագահը խախտելով լռությունը՝ պարզաբանեց, թե ինչու էր լռում, ինչն էր խանգարում խոսել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть