«Ի՞նչ եք անում՝ գնում եք, միտինգ եք անում, նորից տուն եք գալի՞ս»․ քաղաքացին՝ Վազգեն Մանուկյանին - RadioVan.fm

Онлайн

«Ի՞նչ եք անում՝ գնում եք, միտինգ եք անում, նորից տուն եք գալի՞ս»․ քաղաքացին՝ Վազգեն Մանուկյանին

2021-02-15 18:25 , Политика, 751

«Ի՞նչ եք անում՝ գնում եք, միտինգ եք անում, նորից տուն եք գալի՞ս»․ քաղաքացին՝ Վազգեն Մանուկյանին

Այսօր ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես հայտարարել էր փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում էր՝ քաղաքացիների հետ հանդիպելու ու նրանց հարցերին պատասխանելու նպատակով։

«Հայաստանը ոնց որ բաժանված է 2 մասի՝ մի մասը նայում ա Հ1-ը, ինչ սուտ ասեն՝ լսում ա, ընդդիմադիրներն էլ չեն նայում պաշտոնականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե մարդիկ չեն կարողանում փոխվել հոգեբանորեն։

«Էսպիսի հարց են ինձ տալիս՝ ի՞նչ եք անում՝ գնում եք, միտինգ եք անում, նորից տուն եք գալի՞ս, և ոչ մի կոնկրետ գործողությու՞ն»,-հավելեց տիկինը։

Ի պատասխան՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասաց․

«ՀՀ-ում բոլոր շարժումների ժամանակ ոչ թե գործողություններ էին կատարվում, այլ ժողովրդին համոզում էին, որ այս ճանապարհը ճիշտ է, այսինքն, ձևավորում էին համաժողովրդական մտածողություն»։

«Բայց 88-ի ժամանակ հավատ կար, բոլորը գալիս էին։ Հիմա ես այդ աշխատանքն եմ ուզում անեմ՝ չի ստացվում»-տարակուսեց տիկինը, որին արձագանելով էլ Վազգեն Մանուկյանը նշեց, որ տարածքում շտաբ կլինի, քարոզիչներ էլ կլինեն, հատուկ խմբեր՝ բոլորը առանձին-առանձին կմոտենան, կաշխատեն հետները։

Վազգեն Մանուկյանին ոչ միայն հարցեր ուղղվեցին, այլև՝ լուսանկարվել ցանկացողներ էլ եղան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Ազատության հրապարակ էին եկել նաև նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը և Խոսրով Հարությունյանը։ Վերջինս ներկա իշխանությունների հեռանալու գործում կարևորեց ժողովրդի ոտքի ելնելու հանգամանքը։

«Այն, որ Փաշինյանը չի պատրաստվում զիջել իշխանության ղեկը՝ ոչ ոքի մոտ կածկած չի հարուցում, և այստեղից կարելի է որոշակի հետևություններ անել մարդ, որը ոչ միայն տնտեսությունն ու սոցիալական համակարգն է կազմաքանդել մինչև պատերազմը, մի իշխանություն, ղեկավար, որը տանուլ տվեց պատերազմը խայտառակ ձևով՝ մենք հսկայական կորուստներ ունեցանք և՛ մարդկային, և՛ տարածքային, այս պայմաններում, երբ որ նա չի զիջում՝ սկսում ես մտածել, որ նա ինչ-որ ծրագիր ունի, որ դեռևս չի իրականացված։ Ինչպիսին են այդ ծրագրերը՝ կարող ես եզրակացնել՝ դրանք երբեք հայաստանանպաստ, պետականանպաս չեն լինելու։ Այս խնդիրը առանձին մարդկանցը չէ, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, քանի որ սա պետության ապագայի հարց է, որը վերաբերվում է յուրաքանչյուրին»,-ասաց նախկին վարչապետը։

Խոսրով Հարությունյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть