Ենթադրվում է, որ հայկական կողմին փոխանցված 106 աճյունը նախապես հուղարկավորված է եղել. ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Ենթադրվում է, որ հայկական կողմին փոխանցված 106 աճյունը նախապես հուղարկավորված է եղել. ԱԻՊԾ

2021-02-17 14:08 , Общество, 960

Ենթադրվում է, որ հայկական կողմին փոխանցված 106 աճյունը նախապես հուղարկավորված է եղել. ԱԻՊԾ

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած ռազմագործողությունների ընթացքում զոհված 106 զինծառայողների աճյուններն անճանաչելի են:

Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ )՝ ընդգծելով՝ ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Գեչատեսչության փոխանցմամբ՝ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ:

«Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 16-ին, Արցախի նախագահը հայտնեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 16-ը ներառյալ, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1485 է:

Лента

Рекомендуем посмотреть