Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում․Փաշինյանը փաստել է թվերով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում․Փաշինյանը փաստել է թվերով

2021-02-18 19:20 , Экономика, финансы, 1093

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում․Փաշինյանը փաստել է թվերով

«Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային (ՀԴՄ) կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով»,-այդ մասին այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, կորոնավիրուսի դեպք չէին արձանագրվել:

«Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,-հավելել է գործադիրի ղեկավարը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հստակեցրել է, որ դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման:

«Իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 604 հազար գործարքներից 483 հազարը նույն համամասնությամբ վերաբերում են ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարն արդեն հաշվարկային փաստաթղթերին»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը մեծագույն խնդիրներից մեկը համարել է սպառման ծավալների էական անկումը՝ նշելով, որ դա հույս է տալիս, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը, ըստ նրա, զարգացման կարևոր նախադրյալ է:

«Գիտենք, որ շատ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պատկերն է մարվում: Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»,-իր հերթին նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինել սպառման աճին։

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть