Արցախի Սահմանադրության նոր նախագիծն ընդունվեց - RadioVan.fm

Онлайн

Արցախի Սահմանադրության նոր նախագիծն ընդունվեց

2017-02-21 19:55 , Политика, 903

Արցախի Սահմանադրության նոր նախագիծն ընդունվեց

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի խիստ նախնական արդյունքները:

«Խիստ նախնական արդյունքներով սահմանադրական հանրաքվեին 76,5 տոկոս մասնակցություն է գրանցվել, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 69 540 քաղաքացի «կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 87,6 տոկոսը: 7 686 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 9,7 տոկոսը քվեարկել է «դեմ»: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 202 կամ՝ 2,3 տոկոսը: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հանրաքվեն՝ կայացած լինելով հանդերձ, հանրաքվեի դրված հարցը համարվել է ընդունված»,-ասել է Արզումանյանը՝ հավելելով, որ 33,3 տոկոս մասնակցության դեպքում հանրաքվեն համարվում է կայացած:

ԼՂՀ «Հանրաքավեի մասին» օրենքի համաձայն՝ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը փետրվարի 21-ին ժամը 14:00-24:00-ն հրապարակում է հանրաքվեի նախնական արդյունքները, իսկ վերջնական արդյունքը կհրապարակվի փետրվարի 23-ին։

Հիշեցնենք, որ այս սահմանադրական փոփոխություններով ենթադրվում է Ղարաբաղում պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.

Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու­թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:

Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:

Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:

Лента

Рекомендуем посмотреть