Ինչու՞ է Աբու Դաբիիի ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն ներկայացվել բուկլետներ․ ԲՏԱՆ պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ է Աբու Դաբիիի ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն ներկայացվել բուկլետներ․ ԲՏԱՆ պարզաբանում է

2021-02-22 17:54 , Политика, 1250

Ինչու՞ է Աբու Դաբիիի ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն ներկայացվել բուկլետներ․ ԲՏԱՆ պարզաբանում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) պարզաբանում է, թե ինչու են IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում բացակայել հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները։

«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։

Փետրվարի 19-ին հաղորդվել էր, որ Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը:

Նախօրեի երեկոյան Հայկական ռազմական պորտալ տելեգրամյան ալիքը գրեց, թե «Փաշինյանի նախարարը «բաց է թողել» Դուբայում անցկացվող ռազմական խոշոր ցուցահանդեսը. աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկի՝ IDEX-2021-ի բացմանը հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղել»։

«Մեղքը Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության նախարարության աղետալի անկարողությունն էր, որ չեն կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսի նմուշների լոգիստիկան: Հայկական զենքերը դեռ Մոսկվայում են՝ չնայած դրանք պետք է լինեին Աբու Դաբիում»,-գրել է պորտալը՝ ներկայացնելով նաև լուսանկար, որում ցուցանմուշների փոխարեն երևում են բուկլետներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть