ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագիծը, ըստ հիմնավորման, բխում է «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:
Միաժամանակ հաշվի է առնվել ՀՀ զինված ուժերում զինծառայողների առողջության պահպանմանն ուղղված «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները:
Որոշումը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից: