Առերևույթ հիմքեր կան նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. իշխանական պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

Առերևույթ հիմքեր կան նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. իշխանական պատգամավոր

2021-03-01 17:52 , Политика, 808

Առերևույթ հիմքեր կան նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. իշխանական պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ առերևույթ հիմքեր կան նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով:

«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, իր վճռական բողոքը հայտնեց այդ առնչությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Ընդգծվեց, որ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Հայտարարությւոնը ստորագրած ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք էին հայտնել, որ «վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»: Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ հայտնելով, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ դիմել է նախագահին։

Արմեն Սարգսյանը շաբաթ օրը՝ փետրվարի 27-ին, հայտնեց, որ առարկություններով հետ է վերադարձրել գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի՝ փետրվարի 25-ին ներկայացրած հրամանագրի նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը սահմանված կարգով կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն կստորագրվի։

Փաշինյանի գնահատմամբ՝ նախագահի՝ այն հետ վերադարձնելու «որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»:

Лента

Рекомендуем посмотреть