Հայաստանի համար ներկայիս դժվարին շրջանում մենք ընդգծում ենք մեր գործընկերության արժեքը․ ԵՄ-ն՝ այսօրվանից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի համար ներկայիս դժվարին շրջանում մենք ընդգծում ենք մեր գործընկերության արժեքը․ ԵՄ-ն՝ այսօրվանից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

2021-03-01 17:56 , Политика, 854

Հայաստանի համար ներկայիս դժվարին շրջանում մենք ընդգծում ենք մեր գործընկերության արժեքը․ ԵՄ-ն՝ այսօրվանից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Այսօրվանից՝ մարտի 1-ից, ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։

Այս առիթով համատեղ հայտարարությամբ են հանդես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը և Եվրախորհրդարանի Հայաստանի զեկուցող Անդրեյ Կովարևը։

«Մենք խորապես ողջունում ենք այս կարևոր քայլը մեր հարաբերություններում, որն ամուր հիմք է ստեղծում մեր համագործակցության հետագա խորացման համար:

Թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի քաղաքացիներն ու գործարարներն արդեն օգտվել են պայմանագրի մասերի ժամանակավոր կիրարկումից: Դրա ամբողջական կիրառումը և արդյունավետ իրականացումն ավելի շատ օգուտներ կբերի, մասնավորապես, Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով: Հատկապես Հայաստանի համար ներկայիս դժվարին շրջանում մենք ընդգծում ենք մեր գործընկերության արժեքը, և ակնկալում ենք միասին աշխատել` մեր կապերի նոր մակարդակում այդ ներուժն իրագործելու համար»,-ասված է հայտարարությունում։

Նշենք՝ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից շեշտել էին, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։ Ընդգծվել էր, որ փաստաթուղթը նաև անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Лента

Рекомендуем посмотреть