Նախագահը կրկին չստորագրեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը, ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը - RadioVan.fm

Онлайн

Նախագահը կրկին չստորագրեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը, ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը

2021-03-02 22:02 , Политика, 1126

Նախագահը կրկին չստորագրեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը, ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը

Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:

Այդ մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքի հրապարակման մեջ: Նշվում է, որ այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:

«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:

Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»,-ասված է տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը վարչապետը նախագահին է ներկայացրել փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որը Նիկոլ Փաշինյանը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում նա կոչ արեց Օնիկ Գասպարյանին հրաժարականի դիմում գրել։

Նախագահը շաբաթ օրն առարկություններով վերադարձրեց Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Лента

Рекомендуем посмотреть