Սոցապը շրջանառել է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սոց․ աջակցություն տրամադրելու մասին նախագիծ - RadioVan.fm

Онлайн

Սոցապը շրջանառել է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սոց․ աջակցություն տրամադրելու մասին նախագիծ

2021-03-03 14:57 , Политика, 987

Սոցապը շրջանառել է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սոց․ աջակցություն տրամադրելու մասին նախագիծ

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝

-դրամական աջակցություն,

-առողջության ապահովագրություն,

-բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,

-բնակարանի/տան տրամադրում,

-կրթության վճարի փոխհատուցում,

-պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,

-աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

«Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը»,-ֆեյսբուքյան գրառմամբ համոզմունք է հայտնել նախարարը։

Նախագծի՝ ընթացիկ իրավիճակի նկարագրման մեջ ընդգծվում է, որ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ, որը չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա:

«Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացմա։

Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:

2012-2019թթ. ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվն աճել և կազմել է 8233 երեխա, ի տարբերություն 2004-2011թթ՝ 6560-ի։ 2009թ ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9 տոկոսը, 2019թ-ին՝ 3,5-ը, սակայն 2019թ-ի ցուցանիշը բավականին զիջում է 1990 թ-ին՝ 5,8 տոկոս։ 2009 թ-ից հետո 4-րդ և հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է նաև այն հանգամանով, որ 2009թ 3-րդ և հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014թ-ից 3-րդ և 4-րդ երեխաների համար 1 մլն, իսկ 5-րդ և հաջորդների համար՝ 1,5 մլն դրամ։

5-րդ և հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։ 2019թ-ին 5-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1 տոկոսը, թեև 1990 թ-ին այն կազմել էր 3.2 տոկոսը։ 2019 թ տվյալներով 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9 տոկոսը, թեև վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք և տղամարդիկ առավելապես հակված են երեք և ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 428 և 386 տոկոս դեպքերում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ մոտակա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ական թթ երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնք 40 տոկոսով ավելի քիչ են, քան 1980-ական թթ ծնվածները։ Սա նշանակում է վերարտադրողական պոտենցիալի նշանակալի նվազում, որը կարող է միայն փոխհատուցվել ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդով։

Այս առումով կարիք կա բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը, քանի որ ներկայումս գործող բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրերը, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները»,-ասված է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ՝ մարտի 2-ին, շրջանառված «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը բաց է կարծիք-առաջարկների համար մինչև ս․թ․ մարտի 17-ը։

Лента

Рекомендуем посмотреть