Օնիկ Գասպարյանը դիմել է դատարան՝ վիճարկելու իր պաշտոնանկությունը - RadioVan.fm

Онлайн

Օնիկ Գասպարյանը դիմել է դատարան՝ վիճարկելու իր պաշտոնանկությունը

2021-03-10 14:58 , Политика, 971

Օնիկ Գասպարյանը դիմել է դատարան՝ վիճարկելու իր պաշտոնանկությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (ԶՈւ ԳՇ) Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ,

10032021թ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Իմ դիրքորոշումն անփոփոխ է ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։

Հարգանքով՝

գեներալ-գնդապետՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, իր վճռական բողոքը հայտնեց այդ առնչությամբ՝ փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությամբ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ եզրակացվել էր, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Սակայն վարչապետը Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության միջնորդությունը կրկին ուղարկեցնախագահին։

Մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Այսօր՝ մարտի 10-ին, նախագահը հայտարարեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նշվել է, որ դիմումի ներկայացումը պայմանավորված է նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք, ըստ Արմեն Սարգսյանի, առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Այսօր առավոտյան էլ Վարչապետը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Պատրաստեց` Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть