«Մենք այդ հաճույքը իրենց չենք պարգևելու»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստ է հանդիպել նախագահականում՝ իր օրակարգով - RadioVan.fm

Онлайн

«Մենք այդ հաճույքը իրենց չենք պարգևելու»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստ է հանդիպել նախագահականում՝ իր օրակարգով

2021-03-12 15:48 , Политика, 1022

«Մենք այդ հաճույքը իրենց չենք պարգևելու»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստ է հանդիպել նախագահականում՝ իր օրակարգով

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարում է նախագահի նախաձեռնության շրջանակում իրենց առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, եւ հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,-ասված է շարժման տարածած հաղորդագրությունում։

Հրավիրված մամլո ասուլիսում էլ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ իրենք ժողովրդի թիկունքում որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չեն բերելու։

«Այսինքն՝ մենք կարևորում ենք երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունը։ Բայց այդ հանդիպումը չպիտի լինի ձևական։ Եթե իրենց պետք է մի տեսարան, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի մի սեղանի շուրջ նստած կլինի, ապա մենք այդ հաճույքը իրենց չենք պարգևելու»,-ընդգծել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ՀՀ նախագահը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար, ու, որ պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:

Ուստի՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու նպատակով նախագահը մարտի 13-ին, ժամը 12:00-ին, նախագահական նստավայրում հանդիպման է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկությանշարժման» ղեկավարներին:

Նախագահի հրավերին մինչ այս պահը արձագանքել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ հայտնելով, որ ընդունում է հրավերն ու պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть