«Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջանի տարածք». Բայրամովը դիմել է Գուտերեշին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջանի տարածք». Բայրամովը դիմել է Գուտերեշին

2021-03-13 01:58 , Политика, 1363

«Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջանի տարածք». Բայրամովը դիմել է Գուտերեշին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բողոք հայտնելով, թե, իբր, «Հայաստանը ապօրինաբար ռազմական անձնակազմ է տեղակայում Ադրբեջանի սահմաներին»:

Մարտի 1-ով թվագրված նամակում, որը ՄԱԿ պաշտոնական կայքում շրջանառվել է որպես Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, Բայրամովն ընդգծել է, թե Հայաստանը «Լաչինի միջանցքով» գաղտնի կերպով Ադրբեջանի տարածք է ուղարկել հայկական զինված ուժերի կազմ՝ քաղաքացիական համազգեստով և քաղաքացիական տրանսպորտային միջոցներով՝ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող վերահսկողական ընթացակարգերից խուսափելու համար։

Հղում անելով ստացված հաղորդումներին՝ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ շեշտել է, թե հայ զինծառայողների տեղափոխումը Ադրբեջանի տարածք կազմակերպվում է նրանց կամքին, նրանց ծնողների կամքին հակառակ:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ Հայաստանն այդկերպ կոպիտ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը, որը, ըստ նրա, նախատեսում է հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից:

Ավելին, Բայրամովի ներկայացմամբ՝ եռակողմ հայտարարության շրջանակում «Լաչինի միջանցք»-ը ստեղծվել է բացառապես մարդասիրական նպատակներով՝ քաղաքացիական անձանց, բեռների տեղաշարժը հեշտացնելու համար:

Հետևաբար, նրա դիտարկմամբ, միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելը խարխլում է խաղաղությանը միտված ջանքերը, ապակայունացնում իրավիճակը:

«Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում զինծառայողների տեղակայումը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու կոպիտ խախտում է»,-Գուտերեշին հղած նամակում շեշտել է Բայրամովը՝ ընդգծելով, որ դա առաջին դեպքը չէ:

Նա հիշատակել է հրադադարից հետո 62 հայ զինծառայողի գերեվարման մասին, որոնց, ընդգծենք, պաշտոնական Բաքուն ներկայացնում է «նոյեմբերի վերջին դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանի Լաչին շրջանում տեղակայված» Շիրակի մարզի բնակիչներ». նրանց նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել, ինչը հայկական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է որակել:

Ջեյհուն Բայրամովը շեշտել է՝ Ադրբեջանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ միջպետական հարաբերությունների լիակատար կարգավորմանն այլընտրանք, ուստի նամակում նշված միջադեպերի կրկնությունից խուսափելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի տարածք ուղարկել իր ռազմական անձնակազմին:

Հիշեցնենք՝ փետրվարին էլ Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում բողոքել էր, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո չի փոխանցել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների ականապատման վերաբերյալ քարտեզները: Նա Գուտերեշին խնդրել էր Հայաստանից պահանջել դրանք:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть