«Վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ հրաժարականն է և իրավական երաշխիքների ապահովմամբ՝ նրա ապաստանումն արտերկրում»․ Տեր-Պետրոսյան - RadioVan.fm

Онлайн

«Վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ հրաժարականն է և իրավական երաշխիքների ապահովմամբ՝ նրա ապաստանումն արտերկրում»․ Տեր-Պետրոսյան

2021-03-16 13:09 , Политика, 1009

«Վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ հրաժարականն է և իրավական երաշխիքների ապահովմամբ՝ նրա ապաստանումն արտերկրում»․ Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ներկայացրած տեսակետին։

ilur.am կայքում հրապարակված Տեր-Պետրոսյանի արձագանքում, մասնավորապես ասված է․

«Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը,բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը:

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:

Նշենք՝ երեկ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության պաշտոնական կայքում հրապարակվել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեսակետը՝ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մասին։

Դրանում ասված է․

«Մեր երկիրը, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ:

Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները.

Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը

Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից:

Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը

Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:

Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ:

Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան:

Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ)

Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով):

Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում:

Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր):

Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.

իշխանական լծակներ,

ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական,

և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը:

Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:

Նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան:

Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը:

Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների.

կվերարտադրվի նույն իշխանությունը,

Հայաստանը կշարունակի մնալ արտաքին ազդեցության տակ,

կլեգիտիմացվեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետևանքով և շարունակում ենք ունենալ:

Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը:

Հետևաբար ի՞նչ է պետք անել:

Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը»:

Лента

Рекомендуем посмотреть