«Դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ»․ Մանուկյանը՝ կառավարության պարզաբանման մասին - RadioVan.fm

Онлайн

«Դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ»․ Մանուկյանը՝ կառավարության պարզաբանման մասին

2021-03-18 15:30 , Политика, 899

«Դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ»․ Մանուկյանը՝ կառավարության պարզաբանման մասին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման վերաբերյալ այսօր տարածած պարզաբանման առնչությամբ։

Հիշեցնենք՝ Վարչական դատարանը նախօրեին ընդունել է միջանկյալ որոշում, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Որոշման մեջ դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։ Դատարանի որոշումից ելնելով, փաստաբանի փոխանցմամբ, Օնիկ Գասպարյաննայսօր առավոտյան գնացել է աշխատանքի։

Այդ առնչությամբ կառավարությունն այսօր պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում, Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, նորի նշանակման գործընթացը շարունակվում է։

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝«Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին»:

«Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:

Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։

Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ:

Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին:

Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:

ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»,-ասված է Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть