Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն հավաքագրել է միջոցներ:
Հիշեցնենք՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, ըստ որի ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամսական 1000-ական դրամ պետք է փոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը և այդ նպատակի ապահովման համար Օրենքով սահմանված գործառնությունների իրականացումը:
Այս պահի դրությամբ հավաքագրված գումարի չափն է՝ 393 մլն 506 հազար 964 դրամ:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում կայացել է նաև հիմնադրամի՝ www.1000plus.am կայքի շնորհանդեսը:
Կայքի միջոցով բացի պարտադիր 1000 դրամ վճարից՝ ցանկացողները կարող են նաև հավելյալ նվիրաբերություն կատարել:
Հիմնադրամի կայքի միջոցով կարելի է տեսնել Ձեր կողմից կատարված թե՛ պարտադիր վճարումները և թե՛ նվիրաբերությունները: Յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը: