«Երգելիս զգում ու վայելում եմ ամեն մի պահը, ամեն մի նոտան»․ Նազիկ Բաղդասարյանի եզակի երաժշտական նախագիծը - RadioVan.fm

Онлайн

«Երգելիս զգում ու վայելում եմ ամեն մի պահը, ամեն մի նոտան»․ Նազիկ Բաղդասարյանի եզակի երաժշտական նախագիծը  

2021-04-08 20:46 , Культура, Шоу бизнес, 1154

«Երգելիս զգում ու վայելում եմ ամեն մի պահը, ամեն մի նոտան»․ Նազիկ Բաղդասարյանի եզակի երաժշտական նախագիծը

Երաժշտական աշխարհում Reverb-ը (արձագանքը) կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու գործում, իսկ Natural Reverb-ը (բնական արձագանքը) ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է, որի միջոցով ճարտարապետական կառույցը վերածվում է ստուդիայի:

Դերասանուհի և երգչուհի Նազիկ Բաղդասարյանը, համագործակցելով երաժիշտ Գարիկ Գևորգի հետ, հենց հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում է ձայնագրման ստուդիաների՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն։ Այդ ձևաչափով ձայնագրվել և նկարահանվել են արդեն մի քանի հոլովակներ։

Ապրիլի 2-ին Նազիկ Բաղդասարյանը կատարել է «Յարը մարդուն յարա կուտա» ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն հասցրել է սիրվել։

Ռադիո Վանի հետ զրույցում Նազիկ Բագդասարյանը մանրամասն պատմեց իրենց անչափ հետաքրքիր և եզակի նախագծի մասին։

«Նախագիծը ծնվեց երեք տարի առաջ։ Դա ամուսնուս՝ Արթ Գեղամյանի մտահղացումն էր։ ճիշտ է, ես միշտ երգել եմ՝ կինոյում, թատրոնում, քանի որ թատրոնի դերասանուհի եմ, բայց որպես պրոֆեսիոնալ երգչուհի երբևէ հանդես չէի եկել, ու ամուսինս որոշեց նման ձևով ինձ ներկայացնել։ այսպես և ստեղծվեց այս նախագիծը։ ճիշտն ասաց, ես ինքս սկզբից նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է ընկած մտահղացման հիմքում, - ժպտում է երգչուհին։ - Բայց երբ առաջին անգամ հայտնվեցի նկարահանման հրապարակում՝ մեծ ակուստիկ վայրում (ի դեպ, առաջին տեսահոլովակի համար ընրվել էր դատարկ լոգավազանը), և երբ սկցեցի երգել, հասկացա, թէ ինչի մասին է խոսքը՝ դա իսկապես մեծ հաճույք է․ կենդանի կատարում մի այնպիսի վայրում, որտեղ կա մեծ արձագանք, ու դու լիարժեք լսում ես քո ձայնը, ամեն մի հնչյունը, և երբ երգում ես, ձայնը քեզ հետ է վերադառնում, դա անկրկնելի զգացողություն է»։

Վերջին տեսահոլովակը նկարահանվել է «Ռոսսիա» («Այրարատ») կինոթատրոնի շենքում։ Դա արդեն երրորդ հայերեն երգն է նախագծի շրջանակներում։ Իսկ նախագիծը սկսվել էր անգլալեզու քավր-երգերով։

«Ու հանկարծ եղան բազում առաջակներ, նաև քննադատություն՝ թե ինչո՞ւ չես երգում հայերեն։ Ես, ճիշտն ասաց, սկզբից չէի կարողանում գտնել այն հայկական երգը, որը կուզենայի կատարել, ավելի շատ կենտրոնացել էի անգլալեզու երգերի վրա։ Բայց անցյալ տարի, արդեն համավարակի, ինքնամեկուսացման ժամանակ լույս տեսավ առաջին հայերեն հոլովակը՝ երգեցի Կոմիտասի «Ես սիրեցի» ստեղծագործությունը բաց տարածությունում, որը շատ ջերմ ընդունվեց։ Երկրորդը՝ «Րուրին» երգեցինք արդեն պատերազմից հետո՝ Սասունցի Դավիթ կայարանում։ Իսկ սա արդեն թվով երրորդ երգն է», - պատմեց մեր զրուցակիցը։

Նազիկը համոզված է, որ այս կատարումը իր լավագույն կատարումն է․«Կարծում եմ, դրա պատճառը հենց երգի ընտրությունն է։ Բոլորը, ովքեր լսում էին, ասում էին, որ կատարումը շատ էմոցիոնալ է, շատ է հոգուց գալիս, ու դրա պատճառը, ինձ թվում է, միայն ու միայն երգի ընտրությունն է»։

Երգչուհին նաև անդրադարձավ այն իր թիմի անդամներին, չէ՞ որ առանց նրանց նախագիծը չէր կայանա։

«Գարիկը առաջին օրվանից մեր կողքին է եղել, սատարել ու հավանել է բոլոր գաղափարները, երբեք չի առարկել, ինչի համար մենք իսկապես շատ շնորհակալ ենք։ Նա շատ տաղանդավոր մարդ է, ու շատ է մեզ օգնել։ Ուզում եմ նաև անդրադառնալ այն մարդուն, ով նկարահանում է մեր տեսահոլովակները՝ Արթուրին Օրդոյան։ Նա կարողանում է նկարահանել հենց այնպես, ինչպես ես պատկերացնում եմ, ու հետո երբ տեսնում եմ վերջնական արդյունքը, մի մեծ երջանկութուն եմ ապրում, քանի որ դա հենց այն է, ինչ իմ մտքում էր, դա այն է, ինչ ես երազում էի, ու նա կարողանում է այդ ամենը իրագործել»։

Ինչ վերաբերվում է վեջին տեսահոլովակի նկահարանման վայրը ընտրելուն, երգչուհին խոստովանում է․ «Ես ինքս էլ չգիտեի, որ Երևանում կա մի այնպիսի վայր, ինչպիսին է «Ռոսսիա» կինոթատրոնը։ Ու ցավոք սրտի, շատերը դրա մասին նույնիսկ չգիտեն։ Երբ հոլովակը տեղադրեցինք համացանցում, շատերն ինձ անձնական նամակներում հարցնում էին, թե որտեղ են իրականացվել նկարահանումները, ու զարմանում էին պատասխանից․․․Շատ հաճելի էր այնտեղ երգել»։

Նախագծում մասնակցությունը շատ մեծ հաճույք է, ամփոփում է իր խոսքը Նազիկ Բաղդասարյանը, հավելելով․ «Մի այլ բան է, երբ դու երգում ես ձայնափոզի առաջ, և մեկ այլ բան է երգել, երբ կանգնած ես մեծ տարածքում հիանալի ակուստիկայով։ Ես երգելիս զգում եմ ու վայելում եմ ամեն մի պահը, ամեն մի նոտան․․․»։

Հարցազրույցը՝ Թամարա Խաչատրյանի

Лента

Рекомендуем посмотреть