Վաղվանից Երևանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, մարզերում՝ ապրիլի 14-ից - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից Երևանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, մարզերում՝ ապրիլի 14-ից

2021-04-12 16:19 , Общество, 1070

Վաղվանից Երևանում  կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, մարզերում՝ ապրիլի 14-ից

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն վաղը՝ ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից:

Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիմա արդեն բաշխման գործընթացն է իրականացվում: Վաղվանից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ովը»,-տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով:

Sputnik V-ի առաջին խմբաքանակն էլ՝ 15 հազար դեղաչափ, Հայաստան է առաքվել ապրիլի լույս 8-ի գիշերը։

AstraZeneca-ով պատվաստման համար տարիքային շեմ է սահմանվել․ այդ պատվաստանյութով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:

Ինչ վերաբերվում է ռուսական Sputnik V-ի օգտագործման ցուցումներին՝ նախարարի խոսքով, քանի որ պատվաստանյութի քանակը սահմանափակ է, պատվաստման գործընթացում ներառվել են հետևյալ խմբերը՝ 18-54 տարեկան բուժաշխատողներ, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 54 տարեկան:

«Ժամանակի ընթացքում այս ցուցումները կվերանայվեն, երբ մենք կունենանք նոր խմբաքանակներ։ Նման բաժանման նպատակն այն է, որ, նախ, բուժաշխատողների համար հստակեցումներ լինեն, ապա քաղաքացիները հստակ իմանան՝ ո՛ր պատվաստանյութով են պատվաստվելու»,-ընդգծեց առողջապահական գերատեսչության ղեկավարը։

Лента

Рекомендуем посмотреть