Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալով է հնարավոր հաղթահարել Էրդողանի ցեղասպանական նկրտումները․ հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահին - RadioVan.fm

Онлайн

Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալով է հնարավոր հաղթահարել Էրդողանի ցեղասպանական նկրտումները․ հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահին

2021-04-13 18:50 , Политика, 975

Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալով է հնարավոր հաղթահարել Էրդողանի ցեղասպանական նկրտումները․ հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանի պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատմության ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակված նամակում, մասնավորապես, ասված է․

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենեւին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում եւ Միացյալ Նահանգների գիտական հանրությանը։ Անհանգստությունը, որը համակել է մեզ ներկա ապրիլի 24-ի նախօրեին, կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով Լեռնային Ղարաբաղում կրկին իրեն պահեց որպես սերիական մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար։ Ներկայումս արեւմտյան տեխնոլոգիաներն ու տեռորիստների կողմից գործադրվող մարդասպանության միջնադարյան եղանակները համադրող Թուրքիայի նման գործողությունները կրկին մեզ հիշեցնում են, որ դեռեւս հեռավոր 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ թուրքական պետությանը հասցեագրված մարդկայնության ու քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրանքը պահպանում է իր արդիականությունը նաեւ մեր օրերում։ Ուստի այն ծանր մեղադրանքները, որը 1915-ին Թուրքիային ներկայացրին Անտանտի երկրները, իսկ քիչ անց՝ Առաջին աշխարհամարտում նրանց միացած Միացյալ Նահանգներն ի դեմս իր նախագահ, երջանկահիշատակ Վուդրո Վիլսոնի, մինչ օրս մնում են իրավական առումով ոչ հստակ ու առկախված վիճակում՝ ծնունդ տալով նորանոր հանցագործությունների։

20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության համար չպատժված հանցագործը՝ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավելի ճարպկորեն խուսանավում է ուժի համաշխարհային բեւեռների միջեւ՝ պատասխանատվությունից խուսափելու, եւ ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների, եզդիների, քրդերի ու արաբների հանդեպ նորանոր ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Ավելին՝ փաստացի կերպով այսօր միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավարությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների նման՝ վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ իր բոլոր հարեւանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Չպատժված հանցագործի թուրքական ֆենոմենը ներկայումս դրսեւորվում է նաեւ իր զոհերի ստեղծած նյութական ու հոգեւոր մշակույթի ոչնչացմանն ու տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողության հետեւողական ու համակարգված նենգափոխմանն ուղղված մի հսկայական քարոզչական մեքենայի համակարգված աշխատանքի տեսքով, որի միջոցով համաշխարհային տեղեկատվական դաշտում կեղծիքների հետեւողական տարածման թափն ու հզորությունը գեբելսյան քարոզչության գործելակերպն է հիշեցնում։

Մենք՝ Հայաստանի պատմաբաններս, անցած տարիներին ամբողջական հատորներ ենք գրել բոլոր այն մաքիավելիական հնարքների մասին, որոնց միջոցով Թուրքիան փորձում է ամենի ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու եւ առաջիկա ապրիլի 24-ի Ձեր ուղերձում «Ցեղասպանություն» բառի առկայությունը բացառելու համար։ Նման կեղծիքների վերջին խմբաքանակը կապված է իբր՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող դատական որոշման բացակայության մասին անհիմն պնդումի եւ Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ միայն 1948-ին ընդունվելու փաստի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Մինչդեռ՝ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են հենց իրենք՝ Օսմանյան կայսրության դատարանները՝ 1919-1920 թվականների ընթացքում իրենց ընդունած որոշումներով։ Ավելին՝ թեեւ Ցեղասպանության կանխարգելման եւ նրա համար պատժի մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին՝ Հոլոքոսթից մի քանի տարի անց, բայց նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը սահմանելով ցեղասպանություն հասկացության հիմնական հատկանիշները, դրանց մեջ է ներառել ոչ միայն Հոլոքոսթի, այլեւ Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված հանցագործությունների դրսևորումները, որոնցից, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի е կետով սահմանված՝ մի խմբից երեխաների բռնի փոխանցումը մյուս խումբ, չի դրսևորվել հրեական Հոլոքոսթի ժամանակ։ Դա հենց Հայոց ցեղասպանությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն էր, այսինքն՝ 1948 թ դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ստեղծվել է Հայոց ցեղասպանության հանցակազմի ներառումով, ուստի չի կարող չտարածվել այն պատմական փաստի վրա, որն իր համար հիմք է հանդիսացել, ճիշտ այնպես, ինչպես այն տարածվում է նույնպես 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի վրա։

Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը, որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխավորող կարմիր գծերը որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը եւ նորցեղասպանությունների կանխարգելումը առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։

Բալկանյան թերակղզուց մինչեւ Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարեւանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորություների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձեւավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով։ Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաեւ ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու եւ անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման եւ իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետեւողականորեն արեւելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի վտանգավոր հավակնությունների հետագա ծավալանն ու ընդարձակմանը։

Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլեւ բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Ցեղասպանություն հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով։

Խորին հարգանքով՝

Հայաստանի պատմաբանների միություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

ՀՊՄՀ պատմության ֆակուլտետ»։

Лента

Рекомендуем посмотреть