«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը Ալիևի հայտարարություներին քառատողով պատասխանեց - RadioVan.fm

Онлайн

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը Ալիևի հայտարարություներին քառատողով պատասխանեց

2021-04-14 18:06 , Политика, 1143

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը Ալիևի հայտարարություներին քառատողով պատասխանեց

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն, դրանք հնչել են 2007 թվականին, 2008-ին, 2009-ին, 2010-ին, 11-ին, անընդհատ, հիմա նոր ոգևորություն է մտել ու, իմ կարծիքով, որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ և էդ ֆոնին նկարվել ու ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը՝ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։ Կարծում եմ՝ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե, որտեղի՞ց է Ալիևի լկտի պահվածքը, ցինիկ հայտարարությունները՝ Զանգեզուրի, Երևանի , մյուս տարածքների վերաբերյալ։

«Քանի որ մեր ռազմավարական դաշնակիցը դաշնակից է համարում նաև Ադրբեջանին՝ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Ալիևի լկտի պահվածքը, ցինիկ հայտարարությունները՝ Զանգեզուրի, Երևանի , մյուս տարածքների վերաբերյալ։ Եւ, եթե մեր ռազմավարական դաշնակիցն այս ամբողջ գործընթացում իր դերակատարումն ունեցել է, ինչու՞ չպետք է զսպեն այս անհասկանալի անձնավորության խոսույթը, ի վերջո, վիրավորելը ողջ հայ ազգին։ Հասկանում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ամենավերջին խոսքը Ալիևին ասել և էդտեղ որևէ խնդիր չկա, բայց հասկանում ենք, որ պետության ղեկավարների մակարդակի խոսակցություն է և փորձում ենք հասկանալ տրամաբանությունը ինչքա՞ն կարող է շարունակվել այդ լկտի պահվածքը և միջազգային հանրության արձագանքն ինչո՞ւ չի հետևում, սա նույնպես ինձ համար հասկանալի չէ։ Խնդրում եմ՝ պարզաբանել, համարժեք պահվածքը, կարծում եմ, սխալ չեր լինի»,-մասնավորապես ասաց պատգամավորը՝ դիմելով Փաշինյանին։

Վարչապետն էլ, ընդգծելով, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ, մեջբերեց հայ բանաստեղծ Իգնատ Մամյանի՝ ադրբեջանցի գրողին ի պատասխան գրված ստեղծագործությունից մի քառատող, որը հնչեցրեց ինչպես հիշում է․

«․․․Ես քեզ չեմ ատում,

Ես խղճում եմ քեզ․

Այդպես խղճում են մարդիկ խելացի

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»։

«88, թե 90 թվականին գրված այս քառատողն այսօր մեր պատասխանն է Իլհամ Ալիևին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ քառատողը հնչեցնելով 2-րդ անգամ։

Նշենք՝ վարչապետն այսօր Ազգային ժողովում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելու նպատակով։

Նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть