«ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցությունների բոլոր բաղադրիչները ամրագրված են փաստաթղթերում, և միակ բանը, որ դժվարություն է հարուցում, կարգավորման բաղադրիչների փաթեթային լինելն է: Դժվար է փաթեթից վերցնել այդ բաղադրիչներից մեկ, երկուսը, եւ ասել՝ այ, եկեք, դրա հիման վրա համաձայնության հասնենք, քանի որ մնացած հավասարակշռող բաղադրիչները կարող են դուրս մնալ»,-այդ մասին այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում:
«Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:
«Չափազանց լավատեսություն չեմ հայտնի։ Սա բարդ խնդիր է: Ցավով եմ նշում` բանակցություններն արագ չեն ավարտվի»,-միաժամանակ նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ Լավրովը Երևան է ժամանել նախօրեի երեկոյան՝ Բաքու այցից հետո:
Նա արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է Ազգային պատկերասրահում: