Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ քննարկումը վաղն է - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ քննարկումը վաղն է

2021-04-19 16:38 , Политика, 799

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ քննարկումը վաղն է

Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօր մեկնարկած գարնանային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ քննարկումը տեղի կունենա վաղը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտնել էր, որ «հիմնական քաղաքական ուժերի միջև կա կոնսեսուս, որ Ադրբեջանը չհանձնելով հայ ռազմագերիներին, դրանով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը»։

«Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել եւ մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։

Իհարկե, ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար, ինչը վստահաբար, այս անգամ չի ստացվի»,-գրել էր Զոհրաբյանը։

Ժամեր առաջ էլ Նաիրա Զոհրաբյանը, գրելով, որ մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը, տեղեկացրել էր, որ Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ է եղել։

«Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալև խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։

Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որանցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսինև քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին,վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել, ըստ ադրբեջանական կողմի, 12 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կրկին դիմել է միջազգային կառույցներին՝ այդ թվում ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Եվրախորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են։

Մինչդեռ, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե գերիների հարցը փակված է, և Ադրբեջանում պահվող անձինք ոչ թե ռազմագերիներ, այլ ահաբեկիչներ են։

Лента

Рекомендуем посмотреть