Երևանում նոր՝ «Նոյ» անվանումով ազգագրական թաղամաս կկառուցվի: Թաղամասի ներդրումային ծրագրով նախատեսված տարածքի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել:
Քաղաքաշինության պետական կոմիտերից հայտնում են, որ Խորհրդակցությանը մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արտավազդ Թարխանյանը։
Նոր ազգագրական թաղամասը նախատեսվում է կառուցել Դալմայի այգիներին հարող տարածքում: Այնտեղ կստեղծվի Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում և այլն) ներկայացնող ցուցասրահներով:
Ծրագրին նախորդել են Կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ:
Նախատեսվող տարածքի կառուցապատման էսքիզային լուծումները մշակվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից՝ ուսանողների մասնակցությամբ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները նույնպես իրականացվելու են համալսարանի ուժերով:
Քաղաքաշինության պետական կոմիտեում վստահ են՝ ներդրումային ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը: