Իրանական Ամանորի՝ Նովրուզի օրերին (նշվելու է մարտի 21-23-ը) Իրանից Հայաստան իրականացվող ավիաթռիչքների քանակը կավելանա:
Մասնավորապես չվերթներ կիրականացվեն Ռեշտ քաղաքից դեպի Երևան: Ռեշտ-Երևան առաջին թռիչքը կիրականացվի մարտի 19-ին:
Թեհրանից ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթներից բացի, Երևանի ուղղությամբ չարթերային թռիչքներ են իրականացվում նաև Թավրիզ և Մաշհադ քաղաքներից:
ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիի համոզմամբ՝ Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումից հետո Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա՝ «նախատեսվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի 350 հազարի»:
Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր (տեղեկատուներ) կգործեն. հարցը քննարկվել էր ս.թ. փետրվարի 27-ին՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տրանսպորտի և կապի, ԱԳ, Մշակույթի նախարարությունների, ՊԵԿ, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագրվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր: