«Ապրիլի 24-ը սգո տոն չէ այլևս, այլ արդարության կանչն է»․ ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ - RadioVan.fm

Онлайн

«Ապրիլի 24-ը սգո տոն չէ այլևս, այլ արդարության կանչն է»․ ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ  

2021-04-23 22:47 , Общество, 919

«Ապրիլի 24-ը սգո տոն չէ այլևս, այլ արդարության կանչն է»․ ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Ճանաչում, դատապարտում, հատուցում․ այս պահանջով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ կայացել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:

Երթի մեկնարկին՝ Ազատության հրապարակում իր ելույթում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծել է, որ ապրիլի 24-ը սգո տոն չէ այլևս, այլ արդարության կանչն է և պահանջատիրության ոգին։

«Ապրիլի 24-ով մեր ժողովուրդն աշխարհով մեկ կիջնե փողոց՝ աշխարհին հիշեցնելու իրենց պարտքը հայության նկատմամբ, աշխարհին հիշեցնելու, որ հայ ժողովուրդն ունի մեկ մեծ դատ, որից երբեք չի հրաժարվելու, հարատև պայքար մինչև կերտելու իր ամբողջական հայրենիքը»,-նշել է նա։

Երթից առաջկազմակերպիչներն Ազատության հրապարակում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, այնուհետ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց երթուղով ընթացել դեպի Ծիծեռնակաբերդ: Երթի ընթացքում հազարավոր երիտասարդներ, գլխավերևում պահած Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները, հնչեցրել են հայրենասիրական երգեր ու պահանջատիրական կոչեր։

Հավելենք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղիկներ և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները խոնարհել անմար կրակի մոտ։ Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ:

Лента

Рекомендуем посмотреть