Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ, Հայաստանի բոլոր ծննդատներում քարոզարշավ է սկսում: Այդ մասին տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը:
Քարոզարշավի ընթացքում սոցիալական գերատեսչության կամավորները կծանոթացնեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումն առցանց ներկայացնելու նոր համակարգը: Հանրապետության բոլոր ծննդատներում կապահովվի իրազեկման նյութերի մշտական առկայություն, կտեղադրվեն նոր տեղեկատվական համակարգի վերաբերյալ պաստառներ, իսկ Երևանի ծննդատներում, երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում, ծնողները նաև առցանց համակարգում գրանցվելու և դիմումներ ներկայացնելու հնարավորություն կունենան:
Նոր համակարգը հնարավորություն է տալիս ընտանիքներում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում առցանց գրանցվել և դիմում ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար։ Սա մի հնարավորություն է առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու (համակարգչի կամ շարժական սարքերի միջոցով)` գումարը ստանալ անմիջապես բանկային հաշիվներից կամ ցանկացած բանկից: