ՀՀ քննչական կոմիտեն այսօր հապարակել է կառույցում ներդրված ընտանեկան բռնությունների վերաբերյալ քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգով արձանագրված ուսումնասիրության արդյունքները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներդրված կառուցակարգը հնարավորություն է տալիս համապարփակ ուսումնասիրել բռնության այդ տեսակի տարածվածությունը, դրսևորման եղանակները, ձևերը, տուժողների և մեղադրյալների կարգավիճակները, ինչպես նաև՝ նրանց միջև փոխհարաբերությունները:
Այսպես՝ ուսումնասիրության համաձայն՝ քննչական կոմիտեի վարույթում նախորդ տարվա ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, դրանց գերակշիռ մասը՝ 222-ը, վերաբերել է ծեծին, 45-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 10-ը՝ սպանությանը, 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից մեծամասնությունը՝ 136-ը, կատարվել է ամուսնու, 3-ը՝ մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի, 2-ը՝ կնոջ, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 204 անձ, որպես տուժող ճանաչվել է 237 անձ:
206 քրեական գործի վարույթ էլ կարճվել է՝ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89-ը՝ 89 անձի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտե ծանուցման համաձայն՝ «Ընտանեկան բռնություն» եզրույթը, քննչական կոմիտեի նախագահի 2014թ. նոյեմբերի 17-ի հրամանի 3-րդ կետում տրված ձևակերպման համատեքստում, մեկնաբանվում է հետևյալ կերպ. «…ֆիզիկական և հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ»: