Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված և 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ որոշել բավարարել այն։
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խոսքերով՝ Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել եւ կարող է մեկնել երկրից:
Հիշեցնենք, 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենայի բախման հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Պատահարի հետևանքով ուղևորներ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, մեղադրանքով՝ Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, որից 3 տարին՝ 2015 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած, պատիժը պետք է կրեր բաց ռեժիմով:
Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։