«Վերջին դաս»-ը անցկացնել բացօթյա, բացառել դրամահավաքը․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է տարածել - RadioVan.fm

Онлайн

«Վերջին դաս»-ը անցկացնել բացօթյա, բացառել դրամահավաքը․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է տարածել

2021-05-11 15:09 , Образование, 1270

«Վերջին դաս»-ը անցկացնել բացօթյա, բացառել դրամահավաքը․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է տարածել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա:

Նախարարության փոխանցմամբ՝ շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները (ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրաման):

Շրջաբերականում կոչ է արվել նաև բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ նախարարությունն արդեն ահազանգեր է ստացել:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Հատկապես վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականությունն է՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից և ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: Երբ խոսում ենք ուսումնական գործընթացի վերաիմաստավորման մասին, ապա դրա կարևոր բաղադրիչը բնավ նյութական կողմը չէ»,- փաստել է փոխնախարարը:

Лента

Рекомендуем посмотреть