«Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ». Գորիսի մտավորականություն - RadioVan.fm

Онлайн

«Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ». Գորիսի մտավորականություն

2021-05-14 14:43 , Общество, 929

«Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ». Գորիսի մտավորականություն

Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը՝ խոստովանելով, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահել ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Գորիսի մտավորականների հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Պիտի խոստովանենք, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց՝ լկտի սադրանք իրականացնելով ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Այս իրողությունը, անտարակույս, խիստ անհանգստացրել ու մտահոգել է ողջ հայ ժողովրդին։ Սակայն դրա հանգուցալուծումն իր անորոշությամբ առաջին հերթին ազդել է հազարավոր տարիներ իր ծննդավայրում ապրող և արարող գորիսեցիներին։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Գորիսն այն հայկական եզակի տարածաշրջաններից է, որտեղ հայ ժողովրդի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջաններում անգամ թուրքը չի կարողացել բնավորվել։

Մեր անվերապահ աջակցությունը հայտնելով հայկական զինված ուժերին՝ պահանջո՛ւմ ենք լինել կոշտ ու անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ։

Մենք պարտավոր ենք վերջապես գիտակցել, որ այլևս թշնամուն տալու ոչ մի թիզ տարածք չունենք։

Հայ սպան, զինվորն ու զորականը թող համոզված լինեն, որ Զանգեզուրի հերոսական ժողովուրդն աներեր կանգնած է նրանց թիկունքին և յուրաքանչյուր զենք գործածելու ունակ անհատ ամեն պահ պատրաստ է մեր զինվորագրված զավակներին միանալով՝ մեր հայրենիքի սահմաններից դուրս շպրտել սանձարձակ կեցվածք որդեգրած դարավոր թշնամուն…

Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան

Արձակագիր – Վարդան Սարգսյան

Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան

Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց

Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան

ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան

Տգթ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին պաշտոնապես հաղորդվեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Երկու օր տևած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։

Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ երեկ ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, ըստ պաշտպանության նախարարության, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։ Երկու դեպքում էլ, պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաձայնելով, որ Սյունիքի մարզի «Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս, հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

Արդբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը միաժամանակ հայտնել է, որ Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս երեկ արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть