Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն իր օնլայն հրատարակությունում անդրադարձել է հայկական ավանդույթներից ատամհատիկին: «Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց կարիերայի մասին վաղ մանկությունից՝ մոտավորապես 6 ամսականից»,-նշում է հոդվածագիրը՝ պարզաբանելով, որ «Agra hadig»-ը կամ «ատամհատիկը»՝ փոքրիկի կյանքում ուրախալի իրադարձությունը, առաջին ատամի հայտնվելը նշելու ավանդույթն է։
«Արարողակարգի շրջանակում երեխայի դիմաց են դնում տարբեր մասնագիտություններ խորհրդանշող առարկաներ՝ միկրոֆոն՝ արտիստի համար, ստետոսկոպ՝ բժշկի համար, մկրատ՝ դերձակի կամ փողեր՝ բանկիրի համար: Այն առարկան, որը կվերցնի փոքրիկը՝ կապ կունենա նրա ապագա մասնագիտության հետ»,-տեղեկացնում է հոդվածագիրը՝ մեջբերելով ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքը. «Ատամների հայտնվելուն պես երեխան սկսում է կոշտ ուտելիք ուտել, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ ժամանակ է համարվում` ապագան կանխատեսելու համար»: