Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ

2021-05-16 11:04 , Политика, 868

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել:

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։

Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին»։

Նշենք՝ արդեն 5-րդ օրն է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, որոնք ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին՝ այս պահին դեռ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ԶՈւ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ բոլոր այն վայրերը, ուր ներխուժել են ադրբեջանցիները, գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ:

Հայտնել էինք, որ մայիսի 12-ից սկսված բանակցություններն այսօր շարունակվելու են:

Лента

Рекомендуем посмотреть