Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում. Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում. Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

2021-05-17 18:49 , Политика, 1159

Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում. Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Նամակում, մասնավորապես ասված է․

«Հարգելի´ տիկին Միյատովիչ,

Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը:

2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչը հանգեցրել է Արցախում հումանիտար դժվարագույն իրավիճակի։ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները: Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում:

Պատերազմի հենց առաջին օրվանից Պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Փաստահավաք առաքելության արդյունքներն ըստ թեմաների առանձին ներկայացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում:

Կցանկանայի նշել, որ հետպատերազմյան հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է։

Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»:

Հիշեցնենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Բաքվի բանտերից մինչ օրս ՀՀ է վերադարձվել 72 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Лента

Рекомендуем посмотреть