Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկում է ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որում կարող է հանդես գալ որպես միջնորդ - RadioVan.fm

Онлайн

Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկում է ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որում կարող է հանդես գալ որպես միջնորդ

2021-05-19 12:16 , Политика, 1150

Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկում է ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որում կարող է հանդես գալ որպես միջնորդ

Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, սահմանին իրավիճակի կարգավորման հարցում առաջարկել է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին և հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ բանակցություններից հետո:

«Մենք երեկ արդեն ոչ պաշտոնական ընթացակարգով սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը: Մենք դիտարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը և, համաձայն այդ խնդրանքի, քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև: <...> Կողմերի հետ նախնական համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցություն ցուցաբերել նախ սահմանի սահմանազատման և սահմանագծման համար՝ այդ նպատակով հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ»,-Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողներն արդեն 8-րդ օրն է՝ դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, այս պահին դեռ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ իրադրությունը էական փոփոխություններ չի կրել, սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

ՊՆ-ից շեշտել են՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, այդուամենայնիվ, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ»․ այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով և ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Մայիսի 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում էլ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով պետք է շարունակեն գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և աշխատեն հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ երեկ տարածած հայտարարությունում ընդգծելով, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով՝ հավելել է, որ, որպես երկարաժամկետ լուծում, տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть