Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Եղիշե Թադևոսյան, Երվանդ Քոչար, Գևորգ Բաշինջաղյան, Արշիլ Գորկի, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան. հայ անվանի նկարիչների գլուխգործոցները Հայաստանում առաջին անգամ աճուրդի կհանվեն:
Աճուրդում ներկայացող աշխատանքները հիմնականում ներառում են 19-րդ դարից մինչեւ մեր օրերի նկարչությունը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել են աճուրդի կազմակերպիչները՝ դրանք բոլորը ձեռք են բերվել մասնավոր հավաքածուներից: Յուրաքաչյուր աշխատանքի համար մեկնարկային գին է սահմանված: Արժեքները տատանվում են 80-100 հազար դոլարի սահմաններում։
Ամենթանկը Այվազովսկու, Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի եւ Լեւոն Թութունջյանի աշխատանքներն են: Մինաս Ավետիսյանի «Խաչից իջեցում» նկարի մեկնարկային գինն, օրինակ, 200-220 հազար դոլար է:
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին «Շեդեվր» կերպարվեստի սրահում, մասնակցելու համար կարելի է ներկյացանել նաեւ առցանց հայտեր:
Աճուրդի կազմակերպիչները չեն բացահայտում, ո՛չ նկարների ներկայիս տերերին, ո՛չ էլ՝ գնորդներին. «Ոչ գնորդը գիտի` ումից է գնել, ոչ էլ կոլեկցիոները գիտի, թե ում է վաճառել։ Դա հենց աճուրդի աշխատանքն է` միջնորդ հանդիսանալ և չհրապարակել այդ տեղեկատվությունը»,-նշել է «ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը։