«Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ»․ Այվազյանը՝ Զարիֆին - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ»․ Այվազյանը՝ Զարիֆին

2021-05-26 12:18 , Политика, 970

«Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ»․ Այվազյանը՝ Զարիֆին

«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղհետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:

Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,-այդ մասին Իրանի Իսլամական Հնարապետության արտաքին գործերի (ԻԻՀ ԱԳ) նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը բացման խոսքում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ նա Հայաստան է ժամանել մեր տարածաշրջանի համար տագնապալի օրերին, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Այվազյանը շեշտել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ և փորձում են հրահրել նոր էսկալացիա, որը հղի է տարածաշրջանային նոր սպառնալիքներով։

Արա Այվազյանը նաև նշել է, որ հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա:

«Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև: Այս հանդիպումը լավ առիթ է` մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,-ասել է նա:

Նշենք՝ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան՝ մեկնարկել է այսօր առավոտյան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որից հետո կայացել է Զարիֆ-Այվազյան առանձնազրույցը։ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ նախատեսված է նաև Զարիֆի հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարարը երեկ Բաքվում էր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներին ու երկաթուղային ուղիներին վերաբերող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть