Քննարկումներին զուգահեռ կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո դրանք «քննարկումների» առարկա դարձրել․ ՄԻՊ-ը՝ փաստերը հաշվի առնելու հորդորով - RadioVan.fm

Онлайн

Քննարկումներին զուգահեռ կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո դրանք «քննարկումների» առարկա դարձրել․ ՄԻՊ-ը՝ փաստերը հաշվի առնելու հորդորով

2021-05-31 17:48 , Право, 995

Քննարկումներին զուգահեռ կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո դրանք «քննարկումների» առարկա դարձրել․ ՄԻՊ-ը՝ փաստերը հաշվի առնելու հորդորով

«Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր)»,-այդ մասին տարածած հայտարարությունում շեշտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։

Նա ասվածը օրինակներով է փաստել․

«Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:

Զուգահեռաբար, ադրբեջանական տեղական իշխանություններն ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:

Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձգվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:

Առհասարակ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, նշված գավառների գյուղերի միջև վեճերի ծագման նախապատմությունը վկայում է, որ հաճախ վեճերն առաջանում էին ադրբեջանցի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները»:

ՄԻՊ-ը ընդգծում է՝ այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով ու, անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում:

Ի դեպ, Արման Թաթոյանն այսօր տարածած մեկ այլ հրապարակմամբ խստորեն դատապարտել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:

«Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո:

Ինչպես Տիգրանաշենի, այնպես էլ մյուս գյուղերի հետ կապված հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Այդ նյութում առկա ձևակերպումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու նպաստում են ոչ միայն նրանց, այլ նաև ՀՀ սահմանային անվտանգության խաթարմանը, քանի որ դրանում առկա են բացահայտ ոչ մասնագիտական, մեխանիկական մոտեցումներ ու ակնհայտ սխալ ձևակերպումներ: Հենց այս տեսանկյունից է նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի էլ չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը:

Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են՝ որպես պետական մոտեցում, ինչն էլ նշանակում է, որ այդ նյութերը կարող են օգտագործվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում:

Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող նմանատիպ ձևակերպումներով նյութերը Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է նաև այն ձևակերպումների ներքո, որ վերջին շրջանում օգտագործում են ՀՀ որոշ պաշտոնյաներ` դրանով հակասելով սահմանային բնակիչների իրավունքներին ու նրանց անվտանգությանը:

Ուստի, Հանրային հեռուստաընկերությունից պահանջում ենք ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով:

Բոլոր լրատվամիջոցներին ևս հորդորում ենք սահմաններին վերաբերող հարցերի հետ կապված նկատի ունենալ, որ դրանք ուղղակիորեն վերաբերում են նաև սահմանային բնակիչների, իսկ շատ դեպքերում նաև ՀՀ ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը և լուսաբանումներում չանել այնպիսի ձևակերպումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական մոտեցումների վրա, հաշվի չեն առնում մարդու իրավունքների վտանգները»,-ասված է Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть