Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև․ Ֆերանը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև․ Ֆերանը՝ Փաշինյանին

2021-06-01 20:11 , Политика, 1010

Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև․ Ֆերանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ռիշար Ֆերանին:

«Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ ողջունելով ասել է Ազգային ժողովի նախագահը՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում` Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:

«Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ` հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը:

«Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:

Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը:

«Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:

Նշենք՝ հունիսի 1-2-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում և Բելգիայում։ Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանից զատ այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Лента

Рекомендуем посмотреть