Դիերը պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում, պարկերը տրամադրել է «Կարմիր խաչ»-ը․ ԱՆ-ն պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Դիերը պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում, պարկերը տրամադրել է «Կարմիր խաչ»-ը․ ԱՆ-ն պարզաբանում է

2021-06-02 14:42 , Политика, 1256

Դիերը պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում, պարկերը տրամադրել է «Կարմիր խաչ»-ը․ ԱՆ-ն պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ), հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:

Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել»:

Հիշեցնենք՝ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները մայիսի 31-ին փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, թե պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում: «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը», ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին տրամադրել է առկա ստույգ փաստերը, ինչպես նաև նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան։

Թելեգրամյան ալիքներից մեկն, այնուհետ, հրապարակեց լուսանկար, որում Աբովյանի դիահերձարանի նկուղն էր՝ հատակին անփութորեն լցված պարկեր՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Այսօր առողջապահական գերատեսչությունը հայտնեց, որ աշխատանքից ազատվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Лента

Рекомендуем посмотреть